15/05/2026
🧬Մայիսի 16-ը ժառանգական անգիոայտուցի իրազեկման միջազգային օրն է:
ժառանգական անգիոայտուց՝ կյանքին սպառնացող հազվադեպ հիվանդություն, որը հաճախ շփոթում են ալերգիայի հետ 🫨
Այն առաջացնում է մարմնի տարբեր հատվածների՝ ձեռքերի🫲🏻, ոտքերի🦶, դեմքի👨🏻, ինչպես նաև կոկորդի և շնչուղիների այտուցներ։ Հիվանդներին հաճախ անհանգստացնում են նաև ուժեղ որովայնային ցավերը, սրտխառնոցն ու փսխումը, որոնք պայմանավորված են աղիների պատերի այտուցով։
📅 Օրվան ընդառաջ թեմայի շուրջ, պատճառների, բուժման մեթոդների և մի շարք կարևոր հարցերի մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» փոդքաստի շրջանակում զրուցել են ԵՊԲՀ Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի ասիստենտ և «Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի բժիշկ Մարիամ Մովսիսյանի հետ:
«Գենի մուտացիայի հետևանքով օրգանիզմում որոշակի սպիտակուց չի արտադրվում, ինչի պատճառով կուտակվում է բրադիկինին կոչվող նյութը, որն էլ առաջացնում է այտուցները։
Սովորական ալերգիկ այտուցները կարող են կյանքի ընթացքում հանդիպել մեկ կամ երկու անգամ, մինչդեռ ժառանգական անգիոայտուցի դեպքում այտուցները կրկնվում են պարբերաբար՝ սկսած մանկական տարիքից և շարունակվելով ամբողջ կյանքի ընթացքում։
Բացի այդ, հիվանդության առաջացման մեխանիզմը տարբեր է, հետևաբար տարբեր է նաև բուժումը։
«Այն դեղամիջոցները, որոնք արդյունավետ են ալերգիկ այտուցների դեպքում՝ հակահիստամինայինները կամ հորմոնները, ժառանգական անգիոայտուցի դեպքում անարդյունավետ են»,- ասաց մասնագետը՝ հավելելով, որ սխալ ախտորոշման հետևանքով հիվանդները հաճախ տարիներ շարունակ ստանում են անարդյունավետ բուժում։
📍Խոսելով հիվանդության տարածվածության մասին՝ բժիշկը նշեց, որ Հայաստանում տեսականորեն պետք է լինի շուրջ 150-200 հիվանդ, մինչդեռ ներկայում փաստագրված է ընդամենը 50-60 դեպք։ Հիմնական խնդիրը հիվանդության ուշ կամ սխալ ախտորոշումն է, քանի որ այն հաճախ շփոթում են ալերգիկ այտուցների հետ։ Այդ պատճառով ալերգոլոգիական կենտրոնը փորձում է բարձրացնել բնակչության և բժիշկների իրազեկվածությունը։
Անդրադառնալով իրազեկվածությանը՝ մասնագետը նշեց, որ Հայաստանում դեռևս կան բազմաթիվ չախտորոշված հիվանդներ, ուստի կարևոր է շարունակել տեղեկատվական աշխատանքները թե՛ բժիշկների, թե՛ բնակչության շրջանում։
📽️Թեմայի շուրջ մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը։⬇️
https://armenpress.am/hy/article/1249846
Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոն/ Allergology&Immunology Center