21/04/2026
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԸ
Հարգելի՛ գործընկերներ,
Շնորհակալ եմ այս նշանակալի օրը Ձեզ հետ միասին կիսելու հնարավորության համար։
Հարյուր օրվա ամփոփումով կարող ենք փաստել, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն արդեն օբյեկտիվ իրականությանը հավասարեցված իրողություն է: Այն ինչը տասնամյակներ շարունակ խոսվում, մտածվում, քննարկվում էր` այժմ իրականություն է և գործում է. և հարյուր հազարավոր քաղաքացիներ արդեն իրացնում են իրենց իրավունքը համակարգի շրջանակներում ստանալով իրենց հասանելի բուժօգնությունը՝ առանց տեղում վճարելու: Համակարգի ներդրման շնորհիվ առողջապահությունը ազատվում է լարվածություն առաջացնող բազմաթիվ գործոններից, այդ թվում քաղցկեղի պես ծանրացած պետպատվերով նախատեսված գումարի և դրանով հայտարարված ծավալի անբավարարության մասին խոսակցություններից...
Համակարգի ներդրման նախապատրաստման քննարկումները սկսվել էին դեռևս տարիներ առաջ, և Հայկական բժշկական ասոցիացիան ներգրավված է եղել այդ գործընթացում. բազմաթիվ արդյունավետ քննարկումներ են եղել և՛ տիկին Նանուշյանի, և՛ պարոն Խարազյանի հետ: Համագործակցությունը առողջապահության նախարարության հետ ինստիտուցիոնալիզացվել է և ՀՀ առողջապահության նախարար տիկին Ավանեսյանի հետ կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում կարգավորվում են բոլոր խնդիրները: Նաև «Բժշկական օգնության մասին» օրենքով կարգավորվել է մասնագիտական ասոցիացիաների դերը ոլորտում և կա պատրաստակամություն այդ դերն ավելի ընդլայնելու:
Մենք միշտ քաջալերել ենք ապահովագրական համակարգի ներդրումը, փաստել դրա անհրաժեշտությունը, միևնույն ժամանակ կարևորել ենք բուժանձնակազմի ֆինասական հարցերի հաշվի առնելը: Հայկական բժշկական ասոցիացիան, որը նեղ մասնագիտական ասոցիացիաների միություն է, չունի և չի կարող ունենալ որևէ քաղաքական ուղղվածություն, միակ կառույցն է, որը լեգիտիմ իրավունք ունի բժշկական հանրության անունից խոսելու, եղել և մնում է ապահովագրական համակարգի զարգացման և հարատևման ամենաշահագրգիռ կառույցներից մեկը: Բարձր գնահատելով ապահովագրական համակարգի ներդրման ջանքերը և նպատակահարմարությունը՝ Ասոցիացիան կարևորում է ոլորտում ցանկացած լայնամասշտաբ գործընթացի հիմնական խաղացողների՝ բժիշկների, բավարարվածությունը, այդ թվում ֆինանսական, առանց որի որևէ գործընթաց չի կարող հաջողել: Իսկ որպեսզի գործընթացը հաջողի՝ անհրաժեշտ է կոնստրուկտիվ հարթությունում խնդիրները հասկանալու և հընթացս լուծելու ցանկություն և հնարավորություն, ինչն այսօր առկա է. ասոցիացիան սերտ համագործակցում է Հիմնադրամի և նախարարության հետ և վեր հանված խնդիրները լուծվում են համատեղ ջանքերով:
Այն, որ համակարգը կայանում է, ծառայում է իր նպատակին, մարդիկ այլևս ֆինանսի պակասի պատճառով չեն հետաձգում բուժօգնության դիմելը և առողջապահական համակարգը սկսում է ավելի շատ կանխարգելելու քան բուժելու մասին մտածե,լ դա արդեն անառարկելի փաստ է:
Արդյո՞ք ամեն ինչ իդեալական է գործընթացում, իհարկե ոչ, քանի որ իդեալական ոչինչ չկա, իսկ եթե կարդինալ փոփոխություն է լինում մի համակարգում, որի շահառուները ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիներն են, իսկ ծառայություն մատուցողը առողջապահության ոլորտն է, որտեղ միայն բժիշկներն ու բուժքույրերը 30.000-ից ավել են, չի կարող ամեն ինչ հարթ լինել և խնդիրներ չլինեն: Կան խնդիրներ, որոնք այսօր հնարավոր չի լուծել օբյեկտիվ իրավիճակից ելնելով, սակայն նրանք, որոնք հնարավոր է առանց մեծ ռեսուրսների ներգրավման և համավճարի ճկուն մեխանիզմներ գործարկելով լուծել՝ գրեթե մոտ են կարգավորմանը և հուսով ենք, որ այս ամփոփում-քննարկումը նաև այդ նպատակին կծառայի:
Մենք տեսնում ենք այս համագործակցությունը որպես շարունակական գործընթաց՝ հիմնված փոխվստահության, մասնագիտական պատասխանատվության և ընդհանուր նպատակի վրա։ Ցանկանում եմ նշել, որ առողջապահական համակարգն այլևս միայն արձագանքող մեխանիզմ չէ․ այն դարձել է կանխատեսող ու ուղղորդող համակարգ, որտեղ յուրաքանչյուր կողմ ունի իր հստակ դերը և ազդեցությունը ընդհանուր արդյունքի վրա։ Համոզված ենք, որ առաջիկայում մեր համագործակցությունն ավելի կխորանա՝ ընդգրկելով նոր ձևաչափեր և մասնագիտական առավել լայն շրջանակներ։
Շնորհակալություն