17/06/2026
‼️Եկեք չշփոթենք ազատ արտահայտվելու իրավունքը զրպարտության և վիրավորանքի հետ
Մի՞թե ազատ խոսքը կարող է այնքան աղավաղվել, որ վերածվի անհիմն մեղադրանքի և խաղա մարդու անվան ու մասնագիտական հեղինակության հետ։
Որոշ ժամանակ առաջ ինձ «կաշառակեր» անվանեցին։ Այդ օրերին արձակուրդում էի և նախընտրեցի չանդրադառնալ նման գրառումներին՝ վայելելով հանգիստս։
Սակայն հիմա ժամանակն է անդրադառնալու։
Երբ հարցրի, թե ինչի վրա է հիմնված այդ մեղադրանքը, պատասխանն այն էր, որ հիվանդին ասել եմ՝ «գնացեք կասայում վճարում արեք»։
Այսինքն՝ բուժհաստատության պաշտոնական կասայում կատարվող վճարո՞ւմը պետք է համարվի կաշառք։
Երբ խնդրեցի ներկայացնել փաստեր և ապացույցներ, դրանք չներկայացվեցին, իսկ մեկնաբանությունը ջնջվեց։
Ամենամտահոգիչն այն է, որ եթե չտեսնեի այդ գրառումը, նման մարդիկ կարող էին շարունակել խաղալ իմ անվան, մասնագիտական հեղինակության և տարիներով ձևավորված վստահության հետ։
Ես միշտ պատրաստ եմ օգնել մարդկանց, նույնիսկ այն դեպքերում, երբ նրանք ֆինանսական դժվարությունների պատճառով ի վիճակի չեն վճարել խորհրդատվության համար։ Սակայն բարությունը և մարդասիրությունը չպետք է շփոթել պարտավորության հետ և առավել ևս չպետք է չարաշահել։
Ազատ խոսքը մեծ արժեք է, բայց այն չի նշանակում ազատություն՝ անհիմն մեղադրանքներ հնչեցնելու և մարդկանց բարի համբավը վարկաբեկելու համար։ Խոսքի ազատությունը պետք է ուղեկցվի պատասխանատվությամբ։